Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները: Այս մասին ասել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` Neatkarīgā-ի հետ զրույցում:
Դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը սկսվելուց հետո Հայաստանը Լիտվայից շատ լուրջ օգնություն է ստացել, որը տեղափոխեց Հայաստան՝ բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մի խումբ բուժանձնակազմ՝ օգնելու վիրուսի դեմ պայքարին: Էստոնիան նույնպես օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:
«Հուսով ենք, որ վաղ թե ուշ տարատեսակ սահմանափակումներն արդյունավետ կլինեն, և մենք կհաղթահարենք այս ճգնաժամը: Դժբախտաբար, «Քովիդ-19» ճգնաժամը խանգարեց Լատվիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռիգա-Երևան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթները մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար ժամանակահատվածից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի:
Մարտ ամսին պետք է բացվեր Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթը, բայց նորից պլանները հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ և նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երևան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից»,- ասել է դեսպանը:
Տիգրան Մկրտչյանը, անդրադառնալով մշակութային իրադարձություններին, ընդգծել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը, որը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:
«Օգոստոսի 12-ից մենք հանել ենք ինքնաթիռով Հայաստան ճանապարհորդության արգելքը: Հայաստան այցելելու համար ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ, այսինքն՝ Լատվիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ուղևորվել Հայաստան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն նախազգուշական միջոցառումները, որ պետք է կիրառել կորոնավիրուսի պատճառով, ինչպես նաև ճանապարհորդել չցանկանալու լայն տարածում գտած միտումը, կարծում եմ, որ Հայաստան այցը, հավանաբար, կհետաձգվի, միգուցե մինչև 2021թ. մայիս, երբ Air Baltic-ը կվերագործարկի դեպի Երևան ուղիղ չվերթները»,- ասել է նա։