«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր. 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հսկողության ներքո դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որպես հետաքննություն իրականացնող մարմին, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Վարչական շրջաննների դատախազությունից արդեն իսկ պահանջվել են նախապատրաստվող նյութերը՝ անկողմնակալ, համակողմանի քննության ապահովման համար վարույթի հետագա իրականացումը ՀՀ ՀՔԾ-ին հանձնարարելու նպատակով»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հայտարարել էր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ահազանգ էր եղել, որ աշխատակիցները ծեծի են ենթարկել պատժախցում պահվող դատապարտյալին: Իսկ արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով, և որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ: