Վատ եղանակը Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի համար ճակատագրական ելք ունեցավ: Մոլորվելով՝ ադրբեջանական կողմում հայտնված սպայի մասին հակառակորդը մեկ օր անց բարձրաձայնեց՝ տեսանյութն ու նկարներն արագ հայտնվեցին ադրբեջանական հետուստաալիքներում՝ այդ թվում նաև լրատվական ու սոցիալական կայքերում:
Ադրբեջանցիների տարածած տեսանյութն ապացուցում է Հայաստանի Զինված ուժերի սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Տեսանյութերը երբ նայում ենք, տեսնում ենք, որ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ ծաղրում են, հայհոյում, սպայի արժանապատվությունը նվաստացնում, ընդ որում` ակնհայտ է, որ դրանք ուղեկցվում են նրա էթնիկ պատկանելիությանը վերաբերող ատելության խոսքով:
Արման Թաթոյանի խոսքով՝ դատապարտելի է նաև, որ հայ սպան նստած է ձեռնաշղթաներով, աչքերը փակած ձմեռային գլխարկով:
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Ակնհայտորեն` դա արվում է որպես կանոն, պրակտիկան վկայում է, երբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել անձի նկատմամաբ, որ անձը հնարավորություն չունենա ճանաչելու հետագայում իր հանդեպ բռնություն գործած անձանց:
Օմբուդսմենն ասում է՝ երեկվանից տարբեր գրություններով դիմել է միջազգային համապատասխան կառույցներին, «Կարմիր Խաչի» գրասենյակին, մարդու իրավունքների հանձնակատարներին: Սա ուղիներից մեկն է, որ միջազգային հանրությունը տեսնի Բաքվի կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները:
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Ակնհայտ է, որ այստեղ պատասխանատվություն պետք է կրի նաև պետությունը, որովհետև տեսանյութը հրապարակված է զինվորականների կողմից և այդ ուղիղ պատասխանատվությունը պետք է ընկալվի նաև այս իմաստով: Այդ բոլոր գործողությունները՝ այդ թվում նվաստացման հետ կապված, դրանք ամբողջն ատելության հետևանքներ են, ընդ որում` պետական աջակցություն ունեցող ատելության, սա նաև արձանագրել է եվրոպական դատարանը:
Մոլորված մարդուն պատանդ վերցնելն ու դիվերսանտ ներկայացնելն ադրբեջանական կողմի երկար տարիների ձեռագիրն է: Հորինված ու կեղծ գործերին գումարվում են նաև իբր առգրավված զինամթերքի նկարները:
Տարոն Հովհաննիսյան, ադրբեջանագետ - Միանշանակ, իրենց ներկայացված զենք-զինամթերքը չեն կարող պատկանել մեր սպային, որովհետև դրանք մեր բանակին հատուկ չեն: Հատուկ նշանակության ուժերի զինամթերք են, ռազգրուզկա կոչվածը դա ադրբեջանական բանակին է հենց բնորոշ, իրենց հետախուզական ստորաբաժանումներն են նմանատիպ զինամթերք կիրառում:
Տարոն Հովհաննիսյանը նկատում է նաև, որ չկա գեթ մեկ նկար, որտեղ հայ սպան այդ զինամթերքով լինի: Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքներից է՝ սեփական զենքուհանդերձանքը ներկայացնել որպես հայկական:
Տարոն Հովհաննիսյան, ադրբեջանագետ - 2014-ի հուլիսին իրենց դիվերսանտների Քարվաճառում ձերբակալվելուց հետո, որոնք սպանել էին մեկ սպայի և մեկ 17-ամյա բնակչի, ադրբեջանական կողմը փորձում է յուրաքանչյուր պատանդի ներկայացնել ծանր մեղադրանքներով իբրև դիվերսանտի, կեղծ մեղադրանքներ առաջադրելով, փորձ կատարելով վերջիններիս փոխարեն ստանալ այդ հանցագործ քաղաքացիներին: Կարծում եմ` այս պարագայում ևս իրենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով նույն մարտավարության շրջանակներում են իրենք գործելու:
Ադրբեջանագետը պարզաբանում է՝ ռազմագերի է համարվում մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի վերահսկման հայտնված անձը: Գուրգեն Ալավերդյանը, սակայն, հակառակորդի կողմում է հայտնվել մոլորվելուց հետո: Տարոն Հովհաննիսյանը նշում է՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, մոլորված ու մեկ այլ երկրում հայտնված անձանց պարտավոր են վերդարձնել առանց նախապայմանի: