Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ՏԳ-3, 4 տուրբագեներատորները 2020 թվականի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո գործարկվել են, և ՀԱԷԿ-ը միացել է Հայաստանի միասնական էներգահամակարգին՝ տեղեկացնում է ատոմակայանի պաշտոնական կայքը:
ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։
Հայկական ԱԷԿ-ի ՊՆՎ ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ գործընթացի հատուկ կազմակերպման, Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև շնորհիվ ներգրաված կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում։ Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։
Հինգ տարի է՝ ինչ Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն։