Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց իմ ու, երևի թե, շատ-շատերի համար արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր շրջանակների կողմից հրապարակավ հնչեցվող մեկնաբանություններն ու եզրահանգումները: Թերևս, առավել շատ անտանելի է նրանց համար, ովքեր այդ օրերին խրամատում կանգնած պաշտպանում էին առաջնագիծը և այսօր էլ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց զինվորական պարտականությունը: Նրանք երբևէ այդ մասին չեն խոսել, և, հավատացած եմ՝ չեն խոսելու: Բայց ահա ես որոշել եմ խոսել ու ներկայացնել այն, ինչն արդեն ներկայացրել եմ իմ կողմից պատրաստված և 2017 թ. հրատարակված «Ապրիլյան քառօրյա առճակատում» վերտառությամբ աշխատության եզրափակիչ հատվածում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:
«Ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդիրը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ Смерч, Kasirga, Ураган, GRADLAR համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, ТОС-1А (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:
Ի մի բերելով քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների արդյունքները՝ միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:
... Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք ևս, որը կարևոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաև հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազինություն ու զինտեխնիկա և անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին՝ Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում: Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով Смерч, ТОС-1А, Каsirga և այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլև անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը: Այս ամենից հետևում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է»,- գրել է Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ խոսել քառօրյա պատերազմի մասին և չանդրադառնալ բանակի թիկունքում կանգնած ու նրա հզորությունը բազմապատկած ժողովրդի նվիրական արարումներին, կնշանակի այդ օրերի իրականությունը ներկայացնել ոչ ամբողջական:
«Ապրիլյան առճակատումը նորովի բացահայտեց հայ մարդու ներսում խտացած հայրենասիրությունն ու երկրի պաշտպանության հանդեպ ունեցած նրա անսահման նվիրվածությունը»,- ասվում է գրառման մեջ:
Գրառումն ամբողջությամբ՝ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջում: