Պատշգամբից տեսանելի քանդվող շենքը մանկապարտեզ էր: Որոշել են բազմաբնակարան կառուցել: Բնակիչները դեմ են. ականատես են եղել. թե ինչպես ժամանակի ընթացքում տեսադաշտից անհետացան խաղահրապարակը, ֆուտբոլի դաշտն ու կանաչ գոտին:
Դավիթ Պետրոսյան, Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ - Դաշտը քանդեցին, կառուցեցին երկու էլիտար շենք, հիմա այս տարածքում խաղալու տեղ չկա:
Կես տարի առաջ էլ իմացել են՝ մանկապարտեզը սեփականաշնորհել են: Մտածել են՝ երևի տեղում զբոսայգի կլինի: Բայց փակցված պաստառից հետո տարածքում շենք է կառուցվում, սկսել են բողոքի ակցիաներ: Տեղեկացրել են քաղաքապետարանին` խնդրելով չթույլատրել առանց այդ էլ շատ քիչ կանաչ զանգված ունեցող փողոցում ևս մեկ շենքի կառուցումը: Ասել են՝ կառուցելու թույլտվություն դեռ չի տրվել:
Խնդիրը լսելի դարձնելու համար Աղբյուր Սերոբի բնակիչները փակել էին փողոցը: Օգոստոսի 13-ից սկսել էին ակցիա՝ հանրային քննարկումներ չի եղել, դեմ են, որ փողոցի մյուս կողմում՝ իրենց շենքից մի քանի մետր հեռու, բարձրահարկ կառուցվի: Պնդում են՝ կզրկվեն արևի լույսից, տեսադաշտից, նաև կեսդարյա ծառերից:
Արմենուհի Զաքարյան, Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ - Վեց ամիս է կոտորվեցինք ասելով` ձեռք չտաք, մեր լույսը, մեր փողոցը չփակեք:
Կառուցապատող ընկերության իրավաբանը բացատրում էր, որ կառուցվող շենքերը փոխարինում են հներին: Տիգրան Խուրշուդյանը համամիտ է տեսակետին, որ փոշի կլինի, նեղություն կտան, բայց ասաց. կներեք՝ շենքը պետք է կառուցվի:
Սեփականաշնորհված մանկապարտեզի տարածքը 1550 քմ է: Փաստաբանի պնդմամբ` շենքը կկառուցվի 550 քմ-ի վրա: Մնացածը կլինի կանաչ տարածք: Բնակիչներն էլ հակառակն են պնդում՝ անհնար է կանաչ գոտին, նույնիսկ մայթն են սեփականաշնորհել: Փաստաբան Խուրշուդյանի խոսքով` շենքի առաջին հարկում վճարովի մանկապարտեզ կգործի բոլորի համար:
Տիգրան Խուրշուդյան, կառուցապատող ընկերության ներկայացուցիչ, փաստաբան - Եթե բնակիչները ցանկություն կունենան, իրենց երեխաներին կարող են բերել այդ մանկապարտեզը, քանի հարկանի է լինելու շենքը՝ 10 հարկանի:
Բնակիչներն ուզում են իրենց պատասխանեն՝ ինչպես է հնարավոր 4 հարկանի շենքի դիմաց 10 հարկանի շենք կառուցել, հակառակ կողմում կառուցված շենքերն արդեն փակել են արևի լույսը: Երևանի քաղաքապետարանը 2019-ին է հայտ ստացել, որ Աղբյուր Սերոբ փողոցում ցանկանում են բարձրահարկ կառուցել: Քննարկել են և որոշել՝ տրամադրել նախագծման թույլտվություն:
Անդրանիկ Սեդոյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔԳՀԿԾ բաժնի պետի պաշտոնակատար - Մշակված նախագիծը, համապատասխան փորձաքննություններով, ըստ կարգի, հաջորդական քայլեր են, ներկայացվեց քաղաքապետարան համաձայնեցման, ինչի արդյունքում էլ տրվել է կառույցի թույլտվությունը:
Նախագիծն անցել է համալիր փորձաքննություն, բոլոր պատկան մարմինների եզրակացությունը դրական է: Տրվել է շինթույլտվություն: Իսկ բնակիչներն ասում են՝ ուզածները միայն արևի լույսն է: