ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում Խոսրովի անտառում բեզոարյան այծի ձագեր են պատկերված:
«Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:
Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ:
Բեզոարյան այծի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական Կարմիր գրքերում: ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»,- գրել է նախարարը։