Կտուրներն Այգեպարում հեռվից կարմրին են տալիս արդեն 26 տան գլխին: Սահմանամերձ գյուղը գունավորվում է հուլիսյան հրետակոծության հետևանքների վերացման ծրագրով: Ապրեն բոլորը՝ իրենց տանիքը նորոգած շինարաներին առավոտից երեկո օրհնում է Լիդա տատը:
Միայն այս փողոցում փոխվել է 18 տան թիթեղ: Ամբողջությամբ. կարկատան-նորի հետ հինը կցմցել՝ չկա: Երևանից հանձնարարել են՝ ադրբեջանական արկից ինչ, երբ վնասվել է՝ պետք է նորոգվի,- ասում է գյուղապետի պաշտոնակատարը:
Արկադի Յամուկյան, Արգեպար վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար - Տանիքների մեծ մասը եղել է հրետակոծությունից վնասված, բեկորային վնասվածքով, եղել են տանիքներ, որ դեռ 90-ականներից են վնասված եղել, այժմ պետությունը նաև այդ գործն է հանձն առել, կատարվում է տանիքների ամբողջական նորոգում:
Պատ շարողից տանիք կապող՝ Այգեպարում հիմա 77 վարպետով 10 բրիգադ է աշխատում: Գործը պետության պատվերն է, բայց քանի որ մասնավորի պես, նորմալ գներով են վարձատրություն խոստացել, Բուդուրյանների ընտանիքի տղամարդիկ միավորվել, շինարարական խումբ են ձևավորել:
Տեղացիներից 20 մարդ է ընդգրկվել աշխատանքներում: Ֆինանսավորման առումով նշանակություն չունի` նորոգողն այգեպարցի է, թե՞ այլ տեղից է եկել,- շեշտում է Արկադի Յամուկյանը:
Բրիգադների վարձատրությունից մինչև շինանյութի ծախս՝ կառավարության, բյուջեի վրա: Միայն այս գյուղում 6500 գծամետր թիթեղ է արդեն փոխվել` առանց բնակիչներից որևէ գումար գանձելու: Տավուշցիներին թույլատրված է շինարարին միայն հարգել-պատվել:
«Սահմանամերձ Այգեպարը նոր շունչ, նոր գույն է ստանում»,- հրետակոծության հետևանքների վերացման ընթացիկ ֆոտոներով սոցցանցում գրառում է թողել տարածքային կառավարման-ենթակառուցվածքների նախարարը:
Սահմանամերձ այս կողմերում մուրճի ու մյուս գործիքների աղմուկը դեռ կշարունակվի: Այգեպարում երեխաները հաշվել են՝ չվնասված 17 տան տանիք էլ եթե փոխվի, գյուղը կդառնա ամբողջությամբ կարմիր կտուրներով: