Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում է ամառային և ձմեռային պահպանում։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակահատվածում՝ 34 կապալառու կազմակերպությունների կողմից։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում են ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացում‚ ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի առաջատար մասնագետ Գագիկ Շահազիզյանը‚ թվարկելով կատարվող աշխատանքները‚ նշում է‚ որ ուշադրություն են դարձնում‚ որ մետաղական արգելափակոցները ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրում են‚ թփերը՝ էտում‚ կատարվում է փոսային նորոգում։ Ճանապարհների ամառային սպասարկման շրջանակներում այդ աշխատանքները մեծ կարևորություն ունեն։ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն սպասարկում է շուրջ 160 կմ ճանապարհ։ Սպասարկման աշխատանքներ այդ տարածքում կատարվում են 2016 թվականից։
Համեմատելով նախկին տարիների աշխատանքը՝ «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը նկատում է‚ որ տարեցտարի մեծանում են մեքենաների երթևեկության ինտենսիվությունը‚ ճանապարհների ծանրաբեռնվածությունը‚ մեքենաների արագընթացությունը‚ ինչն ավելի է դժվարացնում իրենց աշխատանքը։ Հաճախ են կոտրվում ճանապարհային նշանները կամ ազդանշանային հենասյուները։
Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն մեկ ժամ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Նրանք նաև նկատում են‚ որ քաղաքացիները երբեմն ինքնակամ քանդում են ճանապարհը‚ արհեստական խոչընդոտներ տեղադրում՝ որտեղ ցանկանան‚ ինչն անընդունելի է։