Սեպտեմբերի 1-ից «Զուլալի» ֆիլմի թիմը կվերսկսի նկարահանումները, որ ընդհատվել էին համավարկի պատճառով` այս տարվա գարնանը: Նախագծին արդեն որպես համարտադրող միացել է նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ ոչ միայն 20 մլն դրամի ֆինանսավորմամբ, այլև որպես տեղեկատվական-քարոզչական հովանավոր: Այս աջակցությամբ Հանրայինը որակապես նոր գործակցություն է սկսում ֆիլմարտադրողների հետ:
Համավարկի պարտադրած տևական դադարի արդյունքում կինոնախագիծը ոչ միայն կորցրել էր մասնավոր ներդրողին,այլև փակվելու վտանգի առաջ էր, քանի որ գլխավոր հերոսի դերակատար, 10-ամյա Արտյոմ Մելիքյանը հաջորդ տարի արդեն չէր կարող նկարահանվել, և ամեն ինչ պետք է սկսվեր զրոյից: Սկսած ապրիլից` ազգային կինոկենտրոնը ռեժիսոր Հայկ Օրդյանի հետ լուծման հնարավոր տարբերակներ էր փնտրում: Հանրայինի մասնակցությունը հնարավորություն է ընձեռում արդեն սեպտեմբերի կեսերին ավարտել արտադրական փուլը:
Ազգային կինոկետրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գնահատմամբ` Հանրայինի հետ գործակցությունը լավագույն լուծումն է, քանի որ այսօր կինոաշխարհում շատ տարածված է ֆիլմարտադության և հեռուստաընկերությունների համատեղ աշխատանքը՝ սկսած նախարտադրական փուլից: Նման գործակցությունը կարող է հայ ֆիլմարտադրողներին հնարավորություն ընձեռել դիմել, օրինակ, խոշորագույն կինոֆոնդերից Եվրիմաժին և աջակցություն ստանալ ոչ միայն ֆիանանսավորման, այլև ֆիլմի տարածման հարցում:
Ազգային կինոկենտրոնն ու Հանրայինը գործակցում են դեռ տարեսկզբից՝ եթեր հառարձակելով «Չտեսնված կինո» հաղորդաշարը, որն այսօր Հանրայինի ամենավարկանշային հաղորդումներից է, իսկ «Զուլալիի» փորձը կինոոլորտի հետ գործակցության լավ մեկնարկ կարող է լինել:
Մինչև տարեվերջ արդեն պատրաստ կլինի ֆիլմի նախադիտման տարբերակը: Ի դեպ, այս պահին ռեժիսորն Արտավազդ Փելեշյանի հետ լուրջ փոփոխություններ է անում սցենարում, և Տավուշի հեռավոր գյուղում սկսված դրամատիկ պատմությունը կվերածվի նաև հեքիաթի շղարշով պատված կինոպատումի: