Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կմեկնարկի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի դատավարությունը: Գործը քննելու է դատավոր Արթուր Մկրտչյանը: Datalex.am-ից տեղեկացանք, որ դատավարությունը նշանակված է ժամը 12-ին:
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:
Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի համար:
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր 2019 թ. օգոստոսի 27-ին, որից հետո կալանավորվել էր: Նրա երկու որդիները՝ Արտյոմը և Գուրգենը, այս տարվա մայիս-հունիս ամսիներից հետախուզման մեջ են: