ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ չի եղել Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցին:
«Ինչպես Վահրամ Ավետիսյանի պարագայում, այնպես էլ հնարավոր թեկնածու պարոն Շաթիրյանի պարագայում «Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնելը, առավել ևս, որ պատգամավորներն իրենց դիրքորոշումը փակ գաղտնի քվեարկությամբ են հայտնելու»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ նախորդ շաբաթ խմբակցությունում ունեցած հանդիպմանը՝ Մակունցն ընդգծել է՝ քանի որ նա դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու, նախապես նպատակահարմար են համարել նրա հետ հանդիպումը:
«Կային հարցեր, որոնք նախկինում առաջացել էին՝ նաև պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամությունից պարոն Շաթիրյանի հրաժարվելով, և «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկեց հանդիպում կազմակերպել»,- մանրամասնեց Մակունցը: