Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել հօգուտ իրեն:
Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ «դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել»:
«Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ ս․թ․ մարտի 10-ին կայացած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին: