Ջավախքում օգոստոսի 22-ին փորձել են պայթեցնել հայ գործարար Մարտուն Մկոյանի մեքենան: Նա չի վիրավորվել, բայց պայթյունի ձայնից լսողությունն է խանգարվել: Վրացական լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն, դեպքից հետո կենտրոնացել է ոչ թե տուժողի, այլ նրա եղբոր՝ խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր Հենզել Մկոյանի ուղղությամբ: Հենց նա է վերջին մեկ տարվա ընթացքում եղել բազմաթիվ սկանդալների ու բախումների կենտրոնում, իսկ այս տարվա հուլիսի 20-ից սկսած մի քանի անգամ անհայտ անձինք զանգել են Մկոյանին ու պահանջել հանել թեկնածությունն աշնանն սպասվող խորհրդարանական ընտրությունից:
«Ամսի 20-ին ինձ զանգել են WhatsApp-ով, ասել են, որ ես նստեմ տանը, տնից դուրս չգամ, ու եթե դուրս գամ ու ընտրություններին մասնակցեմ, նրանք կխլեն իմ ամենաթանկագինը: Հետո զանգել են նաև վայբերով, արդեն մեծ գումար են ուզել, ասել են, որ ամեն իմ քայլը գիտեն, թե ես որտեղ եմ գտնվում, իրենք իրենց մարդիկ ունեն իմ մոտ, եթե գումարը չտամ, ինձ կսպանեն: Ինձ ասեց, 15 տարի նստել եմ բանտում, 20 էլ կնստեմ, բայց կսպանեմ»,- ասում է Հենզել Մկոյանը:
Նա պատմում է, որ օրերս ինքը հաճախ է եղբոր մեքենայով շրջել, ինչն իրեն հիմք է տալիս կարծելու, որ հնարավոր մահափորձը հենց իր դեմ է եղել: Հենզել ջավախահայ գործիչը մեկնաբանել է, թե արդյոք հնարավո՞ր է, այս դեպքերը կապված լինեն գարնանը Մկոյանի և մեկ այլ հայ քաղաքական գործիչ Սամվել Պետրոսյանի միջև սկսված հակամարտության կամ Վրաստանի ադրբեջանական խմբավորումների շահերի հետ:
«Ես գտնում եմ, որ դա դրա հետ կապված չէ: Սամվել Պետրոսյանի: Ոչ մի ադրբեջանցի էստեղ կապ չունի: Ինձ թվում է, բիզնեսն էլ կապ չունի, քաղաքական է սա, որովհետև ինձ ամսի 20-ին կոնկրետ ասել են, որ ես ընտրություններին չմասնակցեմ»:
Աշնանն սպասվող խորհրդարանական ընտրությունում Ջավախքում իշխանությունն առաջին անգամ պաշտպանելու է ոչ թե Հենզել Մկոյանի, այլ քաղաքականության մեջ իր փորձով Մկոյանին զիջող, բայց սկանդալներից զերծ Սամվել Մանուկյանի թեկնածությունը: Մկոյանն ասում է՝ ինքը կարող է նաև ինքնառաջադրվել և հաղթել, քանի որ ունի առնվազն 40 տոկոս ընտրազանգված: Ջավախքում պատգամավորի իր թեկնածուին է ներկայացրել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու աջակցությունը վայելող այս քաղաքական ուժը մի քանի անգամ պահանջել է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական մանդատից՝ առաջ քաշելով տարբեր մեղադրանքներ՝ կոռուպցիոն սկանդալից՝ մինչև զենքի կիրառում:
Հենզել Մկոյանը դեռ չի որոշել խորհրդարանական ընտրությանը մասնակցելու հարցը, բայց սպասում է վրացական ոստիկանության հետաքննությանը: Վրաստանում խոշոր գործարար համարվող հայ պատգամավորը 1999-ից խորհրդարանում է՝ սկզբում «Ազգային շարժում», ապա Սաակաշվիլու հեռանալուց հետո՝ «Վրացական երազանք» կուսակցության շարքում: Այսօր Հենզել Մկոյանի հեռանալը պահանջում են նախկին կուսակիցները: