Ուկրաինայում այսօր նշվում է անկախության 29-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցել է երկրի նախագահը. բարձրաստիճան պաշտոնյաների և վետերանների հետ Վոլոդիմիր Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հուշակոթողի մոտ, ապա մասնակցել տոնական միջոցառումներին: Զելենսկին տոնի առիթով պետական պարգևներ է շնորհել զինված ուժերում, արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառում ներդրում ունեցած հայտնի մարդկանց:
Ըստ Զելենսկու՝ անկախության 29-րդ տարեդարձը նաև Դոնբասում «լռության 29-րդ օրն» է՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոր համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո: Ուկրաինայի նախագահը չի թաքցրել, որ մեծ հույս ունի պատերազմի շուտ ավարտի հարցում:
«Ուզում եմ հավատալ, որ դա տեղի կունենա այս տարի, շատ եմ ուզում հավատալ դրան և հավատում եմ»,- ասել է Զելենսկին:
Գարնանը նա հայտարարել էր, որ դեկտեմբերին «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո մեկ տարի ժամկետ է տվել Ռուսաստանի նախագահ Պուտինին, որպեսզի Մինսկի ձևաչափը հանգեցնի պատերազմի լրիվ ավարտին: Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ հակառակ դեպքում նրա երկիրը դուրս կգա Մինսկի գործընթացից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ կուղարկի՞ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: