Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը, որը, սակայն, կարճ ժամանակ անց հետաձգվել է:
Ամբաստանյալներից Հրայր Թովմասյանը չէր ստացել մեղադրական եզրակացության պատճենը, և դատախազը հենց դատարանում Թովմասյանին փոխանցեց ամբողջ մեղադրական եզրակացությունը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 7-ին։
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Իսկ նրա սանիկը՝ ՀՀ արդարադատության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ Հրայր Թովմասյանը 2012-2013 թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևանի Կենտրոնում նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:
Հիշեցնենք՝ այս գործով առաջին դատական նիստը նշանակված էր մայիսի 15-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի չէր ունեցել: