Առատ շիթերը քովիդի վերջին հետքերն են մաքրում: 6 ամսում տարբեր մարզերի բուժկենտրոններում բացված քովիդ բաժանմունքներն ու վերապրոֆիլավորված հիվանդանոցներն աստիճանաբար, հերթով փակվում են: Քովիդ դրական ախտորոշումով 5666 հիվանդ կա այսօր, ստացիոնար բուժում է ստանում 1561-ը, մնացածը բուժվում է տանը: Էրեբունի բուժկենտրոնից ապաքինված տուն են ճանապարհում COVID-19-ը հաղթահարած վերջին 4 հիվանդին:
Համավարակը կարծես պատերազմ լիներ՝ ասում է բժիշկը: Շատ բան է սովորեցրել՝ ինչպես ռազմի դաշտում ամուր լինել, երբեք չընկճվող և պարտադիր՝ զգոն:
Հասմիկ Սաիյան, «Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն - Միշտ ասում էի՝ այն բժիշկը, որը խուսափում է, նշանակում է՝ եթե նա զինծառայող լիներ, պատերազմի դաշտից պիտի հետ փախչեր:
Անտեսանելի թշնամու հետ պատերազմի դաշտից չփախած, մինչև վերջ իրենց հիվանդների կյանքի համար պայքարած բուժանձնակազմի՝ հատկապես թերապիայի գծով փոխտնօրենի նվիրվածությունը հիվանդներին շատ է ուժ տվել: Հասմիկ Սաիյանն անգիր գիտի «Էրեբունի» բուժկենտրոնում կորոնավիրուսի դեմ բուժում ստացած բոլոր 797 հիվանդի պատմությունները, նրանց ամեն օրվա դրական ու բացասական դինամիկան:
Միքայել Մանուկյան, «Էրեբունի» ԲԿ տնօրեն - Պետք է ասեմ, որ բավականին դժվար էր, բայց ամբողջ կոլեկտիվը միանգամից առանց խնդիրների անցավ գործի, և ունեցանք բավականին հաղթանակներ, ունեցանք շատ բուժված հիվանդներ, իհարկե, ունեցանք նաև մահեր, բայց ամեն ինչ արել ենք, որ մեր հիվանդներն ապաքինվեն:
Վերադարձ սովորական կյանքին: Բժիշկներն այս ամենին երևի շատ էին կարոտել: Մինչև բուժանձնակազմը կհասցնի շունչ քաշել, բուժկենտրոնն ախտահանում են, վերադարձնում նախկին ռեժիմին:
Միքայել Մանուկյան, «Էրեբունի» ԲԿ տնօրեն - Այսօրվանից «Էրեբունի» ԲԿ-ն անցնում է բնականոն աշխատանքին, և այն բաժանմունքները, որոնք հատկացված էին կորոնավիրուսի դրական հիվանդների համար, այս երկու օրվա մեջ մաքրվելու են հատուկ միջոցներով և անցնելու են իրենց բնականոն աշխատանքին:
Էրեբունիից բացի՝ բնականոն աշխատանքին է վերադարձել ևս 6 բուժկենտրոն: Համավարակի տարածմանը զուգահեռ Հայաստանում վերապրոֆիլավորվել կամ COVID բաժանմունք է բացել 20 բուժկենտրոն:
Առողջապահության նախարարությունից մեկնաբանում են. համավարակի ընդհանուր պատկերի բարելավումը հնարավորություն է տալիս այս պահին բավարարվել 13 բուժկենտրոնով, որտեղ կընդունեն և կբուժեն Քովիդով հիվանդներին, բայց զգոնությունը թուլացնել ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս:
Համավարակը դեռ հաղթահարված չէ: Իսկ կորոնավիրուսից ապաքինված վերջին հիվանդներին տուն ճանապարհող «Էրեբունիում» հույս ունեն, որ COVID բաժանմունքն այլևս վերաբացելու կարիք չի լինի:
Տուն գնացող վերջին հիվանդից հետո էլ, ինչպես ժողովուրդը կասեր, փորձանքն ու վիրուսի հետքերը թող ջուրը տանի: