Մինչ փողայինները տեղ կհասնեն՝ շարահրապարակում մերոնք արդեն դրոշակակիրով դիրքավորված են: Թիմը պատրաստ է «Խաղաղության մարտիկի» բոլոր 5 մրցաձևերին:
Հարություն Յախանյան, Հայաստանի թիմի անդամ - Առաջինը՝ դիպուկահար, հրաձգություն, երկրորդը՝ ատլետ, երրորդը՝ պրոֆեսիոնալ: Դրա ժամանակ օգտագործում ենք ռազմակիրառական հմտություններ՝ վիրավորին հանել տարածքից, դանակի նետում, նռնակի նետում, 5-ը՝ մշակույթ:
Պայքարի ելած երկրներն այս տարի չորսն են՝ Հայաստան, Բելառուս, Հունաստան և Ռուսաստան: Միջոցառման եկած բարձրաստիճան զինվորականներն ու մյուս հյուրերը կորոնավիրուսի պատճառով դիմակով են: Մասնակիցները՝ ոչ. ինչո՞ւ՝ բացատրում է բելառուս պատվիրակը:
Ալեքսանդր Վասիլևիչ, Բելառուսի թիմի անդամ - Ժամանելուց հետո այստեղ կենտրոնացված ձևով մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, և ինչպես բժիշկը վստահեցրեց՝ արդյունքները բացասական են, բոլորս առողջ ենք:
Խմբերում, փոխարինողները չհաշված, 4 մասնակից է: Հայկական թիմում 4-ն էլ մարտական սպա են, ծառայում են Տավուշից Արցախ՝ տարբեր զորամասերում: Թիմի ճտպտան աղջիկը, օրինակ, «Մեհրաբից» է հասել Դիլիջան. տվյալներ ունի:
Արմինե Գրիգորյան, Հայաստանի թիմի անդամ
15 պրոֆեսիոնալ ատլետ, դիպուկահար:
Աղջիկ թե տղա՝ բոլորն անցնելու են նույն փորձությունը: Փշալարի տակ սողալով՝ առաջ տանել 30 կիլոգրամանոց արկղը, արագ հակագազ հագնել և վարակված գոտուց դուրս բերել վիրավոր ընկերոջը: Ընդհանուր 22 առաջադրանք է:
Յուրա Մանասյան, Հայաստանի թիմի անդամ - Նռնակի 2 ձև կա՝ թիրախ խոցենլ և, ինչքան հնարավոր է, հեռու նետել: 57 մետր եմ նետում:
Ի՞նչ արդյունք ցույց կտա Հայաստանի Զինված ուժերի թիմը՝ պարզ կլինի 10 օր հետո: Հաղթական գավաթը մերոնք առաջին անգամ անցած տարի են նվաճել:
Խաղերի հիմնի հետ վեր բարձրացավ «Խաղաղության մարտիկի» խորհրդանիշ դրոշը: Մասնակիցներին հյուրընկալող մեր երկրի անունից ողջունեց Գլխավոր շտաբի պետը:
Օնիկ Գասպարյան, ՀՀ ՊՆ ԳՇ պետ - Վստահ եմ, որ մրցապայքարի ընթացքում թիմերն իրենց ուժերը չափելու, մարտավարական հմտություններն ու տակտիկական հնարամտթյունները ցուցադրելու հետ՝ «խաղաղության մարտիկը» կվերածեն արիության, քաջության ու մարտական եղբայրության տոնի:
Շարային քայլքից հետո մրցույթի մասնակիցները հրապարակը զիջեցին բանակի պատվո պահակային վաշտին:
Այստեղ հավաքվել են լավագույնները: Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող խաղերի մասնակիցներին ոգևորեց Ռուսաստանի ռազմական կցորդը:
Միխայիլ, ՌԴ - Նախապատրաստական լարված փուլից ու մասնակիցների ընտրությունից հետո ձեզ է վստահված ներկայացնել մեր երկրները: 10 օրվա ընթացքում դուք պետք է ապացուցեք, որ հաղթելու կամք ունենք:
Բանակային խաղերի բացման մշակութային մասում, ի դեպ, ռուսական խումբը Հայաստանին նվիրված երգ հնչեցրեց:
Դիլիջանի անձրևոտ օրը հունական տաք ակորդներով ջերմացրեց, թիմի հաղթանակի հույսերն ավելացրեց Պաշտպանության նախարարության երգչախումբը:
Այնամոկլուս Լիֆերուս, Հունաստանի թիմի ղեկավար - Մենք շատ լավ հմտություններ ունենք, առավելագույնի հույս ունեմ: Կարծում եմ՝ խաղերում առաջին տեղը մերը կլինի:
Տոնական մեկնարկից անմիջապես հետո թիմերը զենք կստանան ու կսկսեն պայքարը: Ո՞ր երկիր կգնա «Խաղաղության մարտիկի» հաղթական գավաթը՝ պարզ է լինելու սեպտեմբերի 2-ին: