Ամեն շաբաթվա ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է մի հաղորդագրություն, որը տարիների ընթացքում սովորական է դարձել բոլորի համար: Հրադադարի ռեժիմի հարյուրավոր խախտման դեպքերը 7 օրվա կտրվածքով այլևս ոչ ոքի չեն զարմացնում: Կրակոցները սահմանին դարձել են առօրեական: Բայց ժամանակ առ ժամանակ նրանք կյանքեր են խլում: Ընդ որում՝ երկու կողմից:
Խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող էր դառնալ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը: Դրանց շուրջ ինտենսիվ քննարկումները մեկնարկել էին դեռ 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմից հետո: Հատկանշական է, որ նման մեխանիզմի ներդրման առաջարկը հնչել է միջնորդների կողմից, ինչին Հայաստանը համաձայնել է Վիեննայում: Այդ քննարկումներից անցել է 4 տարի, սակայն կողմերը հեռու են գաղափարի իրագործումից: Ինչո՞ւ:
Հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը շփման գոտում և հայ-ադրբեջանական սահմանին թույլ կտար եթե ոչ ամբողջությամբ բացառել, ապա զգալիորեն նվազեցնել հրադադարի խախտման դեպքերը: Դա, իր հերթին, հնարավորություն կստեղծեր խուսափել զոհերից: Իսկ ռազմական լայնածավալ գործողություն սկսելու դեպքում պարզ կլիներ, թե կողմերից որ մեկն է որոշել ուժի միջոցով խնդիրը լուծելու փորձ կատարել:
Դավիթ Բաբայան, ԱԽ նախագահի խորհրդական - Քաղաքական առումով սա կնշանակի, որ միջազգային հանրությունը գոնե ֆորմալ առումով ունի հնարավորություն՝ վերահսկելու իրավիճակը սահմանում: Երկրորդ հարթությունը ռազմաքաղաքական է: Նման խախտումներից հետո պետք է ինչ-որ քայլերի դիմի: Կողմերը՝ այս կամ այն կողմը, որը պատասխանատու է խախտման համար, պետք է կրի իրավական և քաղաքական պատասխանատվություն:
Եթե համանախագահող երկրները և Հայաստանը կողմ են հետաքննության մեխանիզմի ներդրմանը՝ Ադրբեջանը նման քայլի չի ցանկանում գնալ: Պատճառը մակերեսին է՝ այդ պարագայում Բաքուն չի կարողանա դիմել ռազմական գործողությունների: Հարևան երկրի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ուժի միջոցով խնդիրը լուծելու իրավունքի մասին:
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան - Բայց այստեղ խնդիրն այդքան պատերազմի սպասումը չէ, որ այն խանգարելու է պատերազմի սկսվելուն: Դա խանգարելու է Բաքվին՝ կիրառել պատերազմի շանտաժի քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որը մինչ այժմ կիրառվում է Ալիև կրտսերի ժամանակից: Եվ Ադրբեջանը փաստացի զրկվելու է իր քաղաքականության էությունից»:
Հայկական և Ղարաբաղյան կողմը ոչ միայն համաձայնել են մեխանիզմի ներդրման առաջարկին, այլև հանդես են եկել այլ առաջարկներով, որոնք նույնպես կթոթափեին լարվածությունը սահմանին: Սակայն դրանք ամեն անգամ հանդիպել են հակառակ դիրքորոշմանը: Արդյունքում՝ սահմանին իրավիճակը կայուն անհանգիստ է:
Դավիթ Բաբայան, ԱԽ նախագահի խորհրդական - Մենք առաջարկել ենք տոն օրերին չկրակել և այդ օրերը հանգստի օրեր հռչակել: Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ադրբեջանը մերժել է: Առաջարկել ենք՝ դիպուկահարներին դուրս բերեք: Մերժվել է: Միջնորդները պատանդ են դարձել Ադրբեջանի ձեռքին: Ընդունում են, ասում են՝ լավ առաջարկ է: Պետք է առաջ ընթանալ: Բայց վերջին պահին Ադրբեջանը տորպեդահարում է»:
Հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը թույլ կտար միջնորդներին ավելի հստակ վերահսկել իրադրությունը: Գործնականում այն կարող է իրագործվել ժամանակակից տեխնիկայի, այդ թվում նաև արբանյակային դիտարկման միջոցով: Մեխանիզմի կարևոր մաս կարող են կազմել նաև ԵԱՀԿ մշտադիտարկման խումբը, որը տեղակայված կլիներ կա՛մ սահմանին, կա՛մ սահմանին մոտ՝ նշում է Դավիթ Բաբայանը: Չնայած Բաքվի դիրքորոշմանը՝ Երևանը պետք է շարունակի առաջ քաշել նման մեխանիզմի ներդրման հարցը՝ հավելում է Հակոբ Բադալյանը:
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան - Դա Ադրբեջանի դեմ կարևոր իրավաքաղաքական լծակ է, և դրան պետք է անընդհատ ձգտել, դա Ադրբեջանական քաղաքականության զսպող լծակ է: Հայկական կողմի համար դա գաղափար է, որը ներդրել են միջնորդները: Այն անընդհատ պետք է օգտագործել:
Մինչ Բաքուն արգելափակում է գործընթացը, հայկական կողմը սեփական ուժերով է համալրում առաջնագիծը ժամանակակից տեսահսկման տեխնիկայով: Ամիսներ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բողոքել էր, թե հայկական կողմը առաջնագծում տեսահսկման համակարգեր է տեղադրել, ինչը թույլ է տվել ապահովել հրաձգային զենքի «անհասանելիությունը»: