Հերմեսն է` հակատանկային հրթիռային այս համալիրն ունի 100 կմ կրակի հեռահարություն, կարող է միաժամանակ խոցել 6 թիրախ, «Բանակ 2020»-ի նորությունն է: Դաշնության սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն միջազգային ֆորումն այս տարի անցկացվում է Բանակային խաղերի հետ միաժամանակ: Չնայած համավարակին՝ այս տարի այն խոստանում է դառնալ ամենախոշորն իր պատմության ընթացքում: 27 000-ից ավելի ռազմամթերք՝ 1300 ձեռնարկություններից ու կազմակերպություններից: 120 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև Հայաստանն է:
Սպառազինության նորագույն նմուշների թվում են «Արմատա» տ-14 հիմնական մարտական տանկը, տանկերի աջակցման մարտական մեքենան, «Արմատա» տ-15 հետևակի ծանր մարտական մեքենան, ինքնագնաց զենիթային հրետանային համալիր, միջին հեռահարության ՀՕՊ զորքերի համալիրը:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ -Լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է վստահելի հարաբերություններ կառուցել անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, միասին փնտրել առաջացող մարտահրավերների պատասխանները։ Բարեկամական կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանն արդեն մի քանի տարի է, ինչ ծառայում են Բանակային միջազգային խաղերը։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Տոնոյան-Շոյգու հանդիպումը: Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է՝ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։
Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում, հուլիսյան սրացումներից հետո առաջին անգամ էր հանդիպումը ռուս գործընկերոջս հետ, շատ մանրակրկիտ քննարկվեց իրավիճակը, ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ:
Շոյգուն կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է՝ երկու երկրների ռազմական գործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին` ՀԱՊԿ-ի շրջանակում:
Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Շնորհակալություն հայտնեցի Սիրիայում մշտական աջակցության համար, նաև Երևանում գտնվող ռազմական բժիշկների համար:
Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոստեխ» պետական ընկերության կազմում գտնվող Միացյալ ավիաշինական կորպորացիայի միջև ստորագրվեց Հայաստանի ռազմական գերատեսչության 4 Սու-25 ինքնաթիռների արդիականացման համաձայնագիրը:
Առաջիկա օրերին բանակային խաղերն են: Գործի կդրվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց զենիթա-հրանոթային համալիրներ: Շեշտը դրվելու է օպերատիվ-մարտավարական, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների մարտական հնարավորությունների ցուցադրման վրա: