Ֆիլիպինների հարավում գտնվող Սուլու նահանգում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտարարեց CNN Philippines հեռուստաալիքը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Խոլո քաղաքի «Դրախտային սնունդ» առևտրի կենտրոնում, երկրորդը՝ մեկ ժամ անց, Ֆիլիպինների զարգացման բանկի մասնաճյուղի դիմաց: Ենթադրվում է, որ երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Անվտանգության ուժերն արդեն աշխատում են դեպքի վայրում՝ փորձելով պարզել կասկածյալներին:
ABS-CBN-ը նշում է, որ առնվազն 9 մարդ է մահացել, 17-ը վիրավորվել երկու պայթյունից: Զոհվածների թվում կա չորս զինծառայող: Ըստ այլ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վիրավորվել է 40 մարդ: Իրավապահ մարմինները ստուգում են՝ արդյոք պայթյուններին մասնակցե՞լ է Աբու Սայաֆ ծայրահեղական խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:
Ֆիլիպինների հարավային կղզիներում գործում է մի քանի ահաբեկչական խմբավորում, որոնցից մեկը՝ «Աբու Սայաֆը», հիմնադրվել է 90-ականների սկզբին, ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ֆինանսական աջակցությամբ:
Աբու Սայաֆը համարվում է տարածաշրջանում ամենավտանգավորներից մեկը, հայտնի է շորթումներով, մարդկանց առևանգումներով, պայթյուններով, դաժան մահապատիժներով: