«Հերմեսն» է: Հակատանկային հրթիռային այս համալիրն ունի 100 կմ կրակի հեռահարություն, կարող է միաժամանակ խոցել 6 թիրախ, բանակ-2020-ի նորությունն է: Մերձմոսկովյան Ալաբինոյում՝ Պատրիոտի կես միլիոն քառակուսի մետր տարածքում, մեկնարկել է Դաշնության սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն միջազգային ֆորումը: «Բանակ-2020»-ն այս տարի անցկացվում է Բանակային խաղերի հետ միաժամանակ: Չնայած համավարակին՝ այս տարի այն խոստանում է դառնալ ամենախոշորն իր պատմության ընթացքում: 27 000-ից ավելի ռազմամթերք՝ 1300 ձեռնարկությունից ու կազմակերպությունից: 120 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև Հայաստանն է:
Սպառազինության նորագույն նմուշների թվում են «Արմատա Տ-14» հիմնական մարտական տանկը, տանկերի աջակցման մարտական մեքենան, «Արմատա-Տ-15» հետևակի ծանր մարտական մեքենան, ինքնագնաց զենիթային հրետանային համալիր, միջին հեռահարության ՀՕՊ զորքերի համալիրը: Առաջինների շարքում է նաև «Վիտյազ Դ» ստորջրյա անօդաչու սարքը, որը մայիսին սուզվել էր Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել է աշխարհում առաջին լիովին ինքնավար անօդաչու ստորջրյա ապարատը, որը հասել է համաշխարհային օվկիանոսի ամենախոր կետին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Տոնոյան-Շոյգու հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տոնոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Նախարարն ընդգծել է՝ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։
Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում, հուլիսյան սրացումներից հետո առաջին անգամ էր հանդիպումը ռուս գործընկերոջս հետ: Շատ մանրակրկիտ քննարկվեց իրավիճակը, ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ:
Շոյգուն կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը՝ նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Շնորհակալություն հայտնեցի Սիրիայում մշտական աջակցության համար, նաև Երևանում գտնվող ռազմական բժիշկների համար:
Շոյգուն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տոնոյանին՝ Հաղթանակի զորահանդեսին Հայաստանի զինվորականների մասնակցության համար, և նշել նրանց պատրաստվածության բարձր մակարդակը: Համաժողովի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գտնվող Միացյալ ավիաշինական կորպորացիայի միջև ստորագրվեց Հայաստանի ռազմական գերատեսչության 4 Սու-25 ինքնաթիռների արդիականացման մասին համաձայնագիրը:
Առաջիկա օրերին բանակային խաղերն են: Գործի կդրվեն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց զենիթա-հրանոթային համալիրներ: Շեշտը դրվելու է օպերատիվ-մարտավարական, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների մարտական հնարավորությունների ցուցադրման վրա: