ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում՝ կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի» վերաբերյալ, և քննարկվել են դպրոցների վերաբացման հետ կապված առկա կարիքների գնահատմանը և ռեսուրսների համադրմանն առնչվող հարցեր։
Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, պարետատան աշխատակազմի ներկայացուցիչներ և գործընկեր կազմակերպությունների ավելի քան երեք տասնյակ մասնակիցներ։
Անդրադարձ է կատարվել այդ պահին իրականացվող քայլերին, մասնավորապես ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցը»: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին կրթության իրավունքի իրացման և կրթության անընդհատության ապահովման շրջանակում պետության հետ գործուն երկխոսության և աջակցության պատրաստակամության համար՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը կարևորել է նոր ուսումնական տարում դպրոցների վերաբացման շրջանակում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ջանքերը մեկտեղելու և համագործակցելու անհրաժեշտությունը և գործընկերների հետ երկխոսության շարունակականությունը:
Նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը ներկայացրել է COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի հիմնական շեշտադրումները, որոնք պարտադիր են բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից։
Գրավոր տեսքով նախընթաց օրերին ներկայացրած առաջարկությունների կողքին շահագրգիռ քննարկման միջոցով ներկայացվել են նոր առաջարկություններ, որոնք նախարարությունը նախատեսում է հաշվի առնել ուղեցույցի վերջնական տարբերակը լրամշակելու համար: Քննարկվել են նաև ռեսուրսների համադրման խնդիրները, այդ թվում՝ ուսուցիչների և դպրոցների աշխատակազմի վերապատրաստման, սանիտարահիգիենիկ նյութերի տրամադրման վերաբերյալ և այլն: