ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Մասնավորապես՝ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, տեսչական մարմնի մասնագետների կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Այստեղ խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ պահում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։
Հիմնական խախտումները կրկին շարունակում է արձանագրվել հանրային տրանսպորտում։ Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով և գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր։
Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: