5 տարի անց կրկին անցկացվում է կանանց բասկետբոլի Հայաստանի առաջնություն: Այս անգամ ստուգատեսին մասնակցում է 6 թիմ` «Արցախ», «Հատիս», «Գյումրի», «Էրեբունի», «Լեգենդ» և «Լես Ֆոքսես»: Հայկական բասկետբոլում լուրջ ավանդույթներ ունեցող Երևանի «Հատիսն» այս անգամ երիտասարդ կազմով է հանդես գալիս առաջնությունում: Մրցաշարի անցկացումը ինչ-որ տեղ նաև պարտադրված է:
«Հատիսն» իր համար առաջնության առաջին խաղում գերվստահ տեսք ուներ «Արցախի» նկատմամբ՝ 67:39: Հարությունյանի աղջիկները պարտվեցին միայն երրորդ քառորդում: «Հատիսից» ամենաարդյունավետը Վիկտորյա Սահակովան էր: Դաբլ-դաբլ գրանցեցին Էմմա Մկրտչյանն ու Մանե Շահինյանը: «Արցախից» վաստակած 9 միավորով լավագույն արդյունքը գրանցեց Ռուզաննա Եսայանը: Վստահ խաղով աչքի ընկավ նաև Իռա Դանիելյանը։
Առհասարակ, բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության վերսկսումը մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ կազմավորել Հայաստանի կանանց ազգային հավաքական մինչև 2024 թվականը, ինչպես նաև գտնել հովանավորներ, որոնք կբարձրացնեն թե առաջնության մակարդակը, թե մրցակցային էլ ավելի ուժեղ միջավայր կստեղծեն մարզուհիների համար։
Առաջնության մինչ այդ տեղի ունեցած հանդիպումներում «Գյումրին» սեփական հարկի տակ 59:83 հաշվով պարտություն կրեց «Էրեբունիից»։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Սեդրակյանը («Էրեբունի»)՝ վաստակած 36 միավորով։ «Արցախը» մինչև «Հատիսի» հետ խաղը ևս մեկ հանդիպում էր անցկացրել ու պարտվել «Լես Ֆոքսեսին» 32:83 հաշվով։