Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը El País-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում Բելառուսը վերածել երկրորդ Ուկրաինայի: Միաժամանակ, նա ավելացրել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված իրավիճակները շատ նման են իրար: Բրյուսելը նրանց չի համարում օրինական նախագահներ, բայց ստիպված է շարունակել աշխատել նրանց հետ:
Ըստ Բորելի, Բելառուսի ներկա խնդիրը ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրությունն է, այլ ազատության և ժողովրդավարության նվաճումը, որոնք Եվրամիության հիմնական արժեքներն են:
«Մենք չենք ճանաչում նրան որպես լեգիտիմ նախագահ, ճիշտ այնպես, ինչպես մենք չենք ճանաչում Նիկոլաս Մադուրոյին: Մենք չենք ընդունում, որ նրանք օրինական են ընտրվել: Սակայն մենք պետք է շարունակենք աշխատել նրանց հետ, քանի որ նրանք են հսկում իրենց կառավարությունները: Մեր նպատակն այն է, որ բելառուսները կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը: Սա է Եվրախորհրդի որոշումը»,- շեշտել է Բորելը: