Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրներին կոչ է անում միավորել ուժերը Covid 19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման հարցում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ավագ խորհրդական Բրյուս Էյլվարդի ելույթը:
ԱՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ չափազանց կարևոր է ապահովել պատվաստանյութի հնարավորինս արագ ներդրումը բոլոր երկրներ՝ անկախ դրա ծագումից: Հայտնի է, որ կազմակերպությունն այժմ ուսումնասիրում է ինը տարբեր պատվաստանյութեր:
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսն էլ հայտարարել է. «Մենք աշխատում ենք պատվաստանյութերի բոլոր արտադրողների հետ, որպեսզի բոլոր երկրներին, որոնք ժամանակին կմիանան այդ ջանքերին, ապահովենք թույլատրված և հավանության արժանացած պատվաստանյութերից արդարացի օգտվելու հնարավորություն»:
Ինչպես կարծում է ԷԱՀԿ ղեկավարը, վակցինացման սկզբնական փուլում, երբ պատվաստանյութերի մատակարարումները սահմանափակ լինեն, «կարևոր Է պատվաստանյութերով ապահովել բոլորին, ովքեր մեծ ռիսկի են ենթարկվում»: Այդ առնչությամբ նա առաջին տեղում Է դրել առողջապահության աշխատաողներին՝ պարզաբանելով, որ նրանք «գտնվում են համավարակի դեմ պայքարի ճակատի առաջնային գծում»: Վակցինացման ժամանակ առաջնահերթությունը, կարծում Է ԱՀԿ-ի ղեկավարը, անհրաժեշտ Է տալ նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն հիվանդություններ, որոնք բարձրացնում են մահացության վտանգը COVID-19-ով հիվանդանալիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը առաջին երկիրն է, որը գրանցել է դեղամիջոցը: Նախագահը շեշտեց, որ պատվաստանյութը անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները: Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ դեղը ցույց է տվել անվտանգություն և բարձր արդյունավետություն:
Դեղագործական ընկերությունները, սակայն, կոչ են արել հետաձգել պատվաստանյութի գրանցումը, քանի որ արտադրանքի որակը դեռ անհայտ է: Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ գրանցումը հետաձգելու որևէ պատճառ չկա, քանի որ պատվաստանյութերի ուսումնասիրությունն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: