Միացյալ Նահանգների կառավարությունը Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։
ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին՝ տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները հետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:
Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ 436,000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունը՝ անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարը՝ առողջապահության ոլորտում:
Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները եղել է առողջապահության ոլորտի երկկողմանի օժանդակության աշխարհի խոշորագույն տրամադրողը: 2009 թվականից ի վեր, ամերիկացի հարկ վճարողների առատաձեռն ֆինանսավորմամբ, տրամադրվել է ավելի քան 100 միլիարդ դոլարի համաշխարհային առողջապահական օժանդակություն և գրեթե 70 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն:
Քանի որ աշխարհի որևէ վայրում առկա վարակիչ հիվանդության սպառնալիքը կարող է սպառնալիք դառնալ ամենուրեք՝ Միացյալ Նահանգները կոչ է անում այլ դոնորներին ևս՝ իրենց ներդրումն ունենալ COVID-19-ի դեմ տարվող համաշխարհային պայքարում։