ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ:
«30 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքիշխան իրավունքը՝ ապրել և արարել անկախ Հայաստանում։
Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարակական - քաղաքական հարաբերություններն ուղենշող ամենաառանցքային փաստաթղթերից մեկը, որին մշտապես պիտի վերադառնանք՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն և հասարակություն։
Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տարեդարձի առիթով»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: