«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է 4 ամսական երեխայի մահվան հանգամանքները` հայտնելով, որ լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ է համարում արձագանքել դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ:
«Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 4 ամսական մի երեխա, ում մոտ առկա է եղել անհանգստություն, դժվար շնչառություն և նկատվում է վիճակի վատացում ու խնդրել են շտապօգնություն:
«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, կենտրոնի ռեանիմոբիլով անմիջապես մեկնել են Սիսիան և երեխային շտապ տեղափոխել Երևան: Օգոստոսի 20-ին գիշերը՝ ժամը 02:00-ին երեխան ծանր վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: Մի քանի ժամ անց շնչառական անբավարարության պատճառով երեխային միացվել է արհեստական շնչառության սարք: Ըստ մոր խոսքի, երեխան հիվանդ է եղել 6 օր:
Կենտրոնում անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, ախտորոշվել է սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտերստիցիալ թոքաբորբ, շնչառական անբավարարություն, ցնցումային համախտանիշ, անբավարար փարթամություն: Կատարվել է նաև COVID-19 թեստավորում, որը բացասական է եղել: Արվել է հնարավոր բոլոր հետազոտությունները, ռենտգեն ու նեղ մասնագետների խորհրդատվություններ: Կատարվել է ողնուղեղային պունկցիա՝ նեյրոինֆեկցիայի ախտորոշման նպատակով: Ամբողջ ծավալով կատարվել է ինտենսիվ բուժում:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե երեխայի վիճակի մասին բժիշկները, ինչպես հարկն է, չեն տեղեկացրել ծնողներին՝ անհեթեթություն է: Օրը մի քանի անգամ երեխայի հորն ու մորը ներկայացվել է նրա ծանր վիճակի մասին՝ անձամբ բաժանմունքի ղեկավարի կողմից: Բացի այդ, ծնողները նաև տեսակցել են երեխային, իմացել վիճակի ծանրության մասին և տեսել, որ երեխան շնչում է արհեստական շնչառության սարքով և բնական է, որ այս դեպքում երեխան հոր հետ խաղալ չէր կարող, ինչպես նշվում է հրապարակումներում։
Օգոստոսի 22-ին, ժամը 12:00-ին, երեխայի մոտ ցնցումների ֆոնի վրա արձանագրվել է կենսաբանական մահ, որի մասին բաժանմունքի վարիչը՝ տնօրենի ներկայությամբ, տեղեկացրել է երեխայի տատիկին: Հնչում է անհամաձայնություն, թե հիվանդանոց եկած հարազատների հետ բժիշկները չեն հաղորդակցվել ու ներկայացրել մանրամասներ: Կրկնում ենք, բժիշկները շփվել ու շփվում են ծնողների հետ, նրանց բացակայության դեպքում նոր միայն տատիկ, հորաքույր, մորաքույր և այլն:
Շուրջ 10 հոգով այսօր խախտելով կարանտինայիվ վիճակը, հարազատները բարձրացել են վերակենդանացման բաժանմունք, տնօրենը լսելով նրանց բողոքներն ու դժգոհությունները, հստակեցրել է հետագա քայլերը՝ տեղեկացնելով, որ դին պետք է գնա դատաբժշկական փորձաքննության և հարազատների հարցերին պատասխան կարող են տալ միայն իրավապահ մարմինները:
Հարազատներին հորդորել ենք դադարեցնել աղմուկն ու դժգոհության գործողությունները՝ չխոչընդոտել բաժանմունքի աշխատանքին, ինչը հարազատների մոտ առանձին դժգոհություն է առաջացրել: Իրավիճակից ելնելով` ստիպված ենք եղել կանչել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի չխանգարեն մյուս երեխաների բուժման պրոցեսին։
Ցավում ենք երեխայի մահվան հետ կապված, սակայն ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմը կատարել է առավելագույնը՝ երեխայի կյանքի համար պայքարում»,- գրված է հայտարարությունում: