ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։
Երևանում թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսվարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ:
Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափման և ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ:
Թերացումների վերաբերյալ տնտեսվարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։ Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն: