Քանի Հայաստանում փակ են օդային սահմանները, կորոնավիրուսից հեռու՝ օդում, կարելի է Երևանը տեսնել հակառակ կողմից: Հենց այստեղ են պատրաստվում նաև ապագա օդաչուները:
Սպիտակ խալաթից՝ կապույտ երկինք. բժշկուհի Դիանայի առաջին ինքնուրույն թռիչքն է՝ որպես ապագա օդաչու: Մասնագիտությամբ ճառագայթաբանը հիվանդանոցում աշխատանքից հետո որոշել է՝ օդաչու հոր մասնագիտությունը շարունակելու է:
Երկինքը թևեր է տալիս, մի քանի ամսից էլ գուցե երկնքում առաջինն էլ ամուսնանա: Հիմա մասնավոր օդաչուների միակ աղջիկն օրինակ է նաև մյուս հայ կանանց համար, որ ընտրեն մեր երկրում ոչ այնքան տարածված երկնային մասնագիտությունը:
Ուժերը հավաքել էր պետք նաև փոքր ավիացիայի մեծ երազանքը Հայաստան բերելու համար: Արմենն արդեն 21 տարի է՝ պարապլանով է երկնքին սեր խոստովանում: Ֆրանսիայում 2 ամիս սովորելուց հետո, վստահ որոշեց Հայաստանում ունենալ ինքնաթիռ: Երկար է ուսումնասիրել, որոշել՝ «Սեսնա-172» ինքնաթիռն ամենահարմարն է Հայաստանի համար:
Վինտաժային 4 տեղանոց «Detka»-ն ունի երկու ղեկ, որը նաև ուսումնական թռիչքների համար է: Շուտով զբոսաշրջիկներն ու սքայ դայվինգի սիրահարները ևս կկարողանան Հայաստանը վայելել մեր տեսախցիկի կադրի կողմից: Հայկական 15-ից ավելի օդանավականներից ոչ մեկում հնարավոր չեղավ Արմենի միտքը գլուխ բերել, որոշեց՝ Եղվարդ քաղաքի մոտ կստեղծի նորը:
3 ուղևոր, մի քանի վայրկյան, միջինում 200 կմ/ժ արագություն ու Հայաստանը մինչև 300 մ բարձրությունից տեսնելու հնարավորություն: Պետք է ամրակապվել, համոզվել՝ ինքաթիռի թռիչքուղում մարդ չկա: Երկինքների իր քաղցը հագեցնելու համար Արմենին 13 ժամ դաս է բաժանում սիրողական օդաչուի վկայականից:
Սիրողական օդաչու դառնալն այլևս երազանք չէ: Քաղավիացիայի կոմիտեի տեսական դասերի 104 ժամը հաղթահարելուց հետո միայն 45 ժամ գործնական դասերն են՝ թռիչքային պատրաստության համար: Ի դեպ, համավարակի օրերին սահմանափակումների մեղմացումից հետո բնության գրկից երկինք հասնելու համար հիմա դիմակ էլ պետք չէ: Իսկ երկնքում վարելու վկայականի համար պետք է կոմիտեում 9 առարկայից քննություն հանձնել: Մասնավոր օդաչուի վկայականը նաև մեր երկրի համար մատչելի է՝ բուհական վարձերի չափ: