Բակը՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցունն է: Ներսում՝ եռապատկեր հորինվածքով «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն է: Այն վտանգված է՝ մեկ տարի առաջ հանրապետության նախագահին ահազանգել էին հոգևոր հայրերը: Վերականգնմանն աջակցելու խոստումը չէր ուշացել:
Ռեստավրատորների խմբից 12 ամսից էլ պակաս ժամանակ է պահանջվել փրկելու Մաշտոցի 1600-ամյակի պատվին՝ Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ ստեղծված գործը: 60-ականներին եկեղեցին նկարազարդած վարպետների դուստրն ու որդին աչքը չեն կտրում գրերի գյուտը պատկերող թարմացած տեսարաններից:
Այստեղ այնքան խորհուրդ կա՝ ամեն կիրակի Սուրբ Պատարագի կգաս-կհասնես Օշական,- 20-րդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործությամբ ոգեշնչված ասում է նախագահ Սարգսյանը:
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Այս շենքում մի քանի բան միանգամից կա՝ և Աստծո ոգին, և արվեստ, և թարգմանչաց արվեստ և հսկայական գեղանկարչական արվեստ: Սա օրինակ կդառնա, որ որմնանկրների արվեստը սկսենք վերականգնել Հայաստնում, այս որակը, այս գույները, այս հագեցվածությունն ուրիշ տեղ չես տեսնեի:
Կամարակապ լուսամուտով 2 մասի բաժանված որմնանկարի համար մասնագետները նաև հատուկ լուսավորություն են ապահովել, նոր ու հին վարպետների աշխատանքներն են հյուրերին ներկայացրել եկեղեցու սպասավորները:
Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո Արմեն Սարգսյանը շրջել է դպրատանը, թանգարանում: Այցելել նաև այն հատվածը, որտեղ ապակու տակից երևում են 443 թվականին իշխան Վահան Ամատունու կառուցած եկեղեցու հիմքերը:
Օհանավանն, ի դեպ, Նորավանքի պես եռահարկ զանգակատուն ունի: Ըստ հոգևորականի՝ դրանք դամբարաններ են: