Ծննդատունը շարունակում է գործել, անգամ այսօր, երբ բուժաշխատողները ցույցի են դուրս եկել։ Նազարեթյանների ընտանիքում ծնվել է հինգերորդ արու զավակը։ Ընտանիքն ուրախ է․ փոքրիկն առողջ, իսկ մայրիկը` գոհ։ Նրանց այսօր դուրսգրում են արել։
Գյումրի կամ Ախուրյան հասցնել չէին կարող,- պատմում է սկեսուրը։ Ամեն ինչ շատ արագ է եղել, բայցի այդ` վստահում են Մարալիկի ծննդատան բուժաշխատողներին։ Իսկ ծննդատանը մարդ չկա, բացի ծննդաբերական բաժանմունքի դուրսգրող քույրից ու օգնականից։ Մարզպետարան են գնացել բողոքելու։ Արդեն յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել։
Մարալիկի ծննդատան փակման խնդիրն ի հայտ եկավ, երբ նախարարությունը հայտարարեց, որ այն չի համապատասխանում պահանջված չափորոշիչներին։ Տարեկան ծնունդների թիվը պետք է 150-ից պակաս չլինի, ծննդատունը պետք է համալրված լինի անհրաժեշտ սարքավորումներով ու պրոֆեսիոնալ կադրերով: Այս դեպքում միայն հաստատությանը կարգ է շնորհվում և ֆիննասավորվում պետության կողմից։
Ծննդատան գործունեությունը կասեցվեց, հղիներին որոշեցին ուղարկել Ախուրյան կամ Գյումրի, իսկ ծննդատանը ժամանակ տրվեց՝ սահմանած չափորոշիչներին համապատասխանելու համար, ինչից հետո մասնագիտական հանձնախումբը պետք է այցելեր Մարալիկ և որոշեր ծննդատան ճակատագիրը։
Պակասող սարքավորումները համալրվել են բարերարների աջակցությամբ, պահանջված մասնագետների հետ էլ տնօրենն աշխատանքային պայմանագիր է կնքել: Բուժաշխատողներն ասում են՝ մնում է գան ստուգեն ու կարգ տան։ Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են փոխմարզպետին։
Մարզպետարանից ևս սպասում են նախարարության պատասխանին, որը, ըստ փոխմարզպետի, հստակեցում կմտցնի։ Դիմել են նաև կառավարություն` կամ կարգ կտրամադրեն ու ծննդատունը կշարունակի գործել, կամ էլ վերջնականապես կօպտիմալացվի և անորոշությունը կվերանա։
Հարցին, թե մասնագիտական հանձնախումբ այցելելու է Մարալիկ, նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ ծնունդները նորմալ կազմակերպվում են այլընտրանքային ծննդատներում, որոնք համապատասխանում են պահանջված չափորոշիչներին։