Հայկական գերեզմաններ վանդալիզմի են ենթարկվել Անկարայում, Ստամբուլում, Վանում, վերջին օրերին՝ նաև Իգդիրում: Այս տեղեկությունները հրապարակվում են նաև թուրքական լրատվամիջոցներում՝ այդ հանցանքները ներկայացնելով որպես գանձագողության հետևանք: Անկարայի հարևանությամբ նախկին հայաբնակ Սթանոզ գյուղի գերեզմանատունը մի քանի անգամ ավերվել է. վերջին դեպքը եղել է օգոստոսի 12-ին: Պետության կողմից հատուկ պահպանվող տարածք հայտարարված գերեզմանոցում նախ քանդել են սալաքարերը, ապա հանել աճյունները և ցրիվ տվել մարդկային ոսկորները:
Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչ Մուրադ Մըհչըն այս առիթով հայտարարել է. «Նորմալ է, որ ամեն տեղ հայկական գերեզմանոց կա, սակայն տեսնում ենք, որ Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայերի գերեզմաններն այնպես են կողոպտել ու ավերել, կարծես թե այդ տեղերում գերեզմանոց չի էլ եղել, ու հայեր էլ չեն ապրել»:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ նկարահանել են Անկարայի և մյուս վայրերի հայկական թալանված գերեզմանոցները՝ նշելով, թե գանձագողերը շարունակ փորձում են ոսկի գտնել հայկական գերեզմաններում:
Արմեն Գալուստյանն Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում ապրող հայ է: Մի քանի տասնամյակ է՝ պայքարում է հայկական մշակութային արժեքների պահպանության համար: Հսկում է Գևորգ Չաուշի գերեզմանը, որ այն ևս վանդալիզմի չենթարկվի:
«Նրանք մտածում են, թե հայերն իրենց ոսկիները թաքցրել են գերեզմաններում և եկեղեցիներում: Այսօր երբ խոսում ես այդպես մտածող մարդկանց հետ, նրանք տեսնում են, որ իրականում չկա ոչ մի ոսկի, բայց, միևնույն է, ոսկիների մասին լեգենդները տարածված են Թուրքիայի բնակիչների շրջանում»,- «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց Արմեն Գալուստյանը:
Հայկական հուշարձանների նկատմամբ թուրքական վանդալիզմի մասին գրել են նաև ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով թուրք հեղինակների հրապարակումները և լուսանկարները: Թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը խնդրի մասին խոսել է խորհրդարանական ամբիոնից, ինչին թուրք պաշտոնյաները արձագանքել են, թե հայկական ու քրիստոնեական հուշարձանները պետական պաշտպանության տակ են: Թուրքական Hurriyet-ն օրեր առաջ գրեց, որ պետական պաշտպանության տակ գտնվող Իգդիրի հայկական գերեզմանոցում 7 ադրբեջանցի հանել են աճյունները և ցրիվ տվել՝ այդ կերպ արտահայտելով իրենց ատելությունը հայերի հանդեպ:
Նաիրի Հոխիկյան