«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 22-ին անցկացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«Փառատոնի համերգային ծրագիրը մեկնարկել է «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումներ:
«Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:
Փառատոնի ընթացքում կանցկացվեն սպասված համերգներ. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ: Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր):
Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և համամարդկային այլ արժեքներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ»,- գրված է հայտարարությունում: