Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որ Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն` գրում է Ermenihaber-ը: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:
Նշվում է, որ օրենքում փոփոխություններ անելու համար արդարադատության նախարարության իրավական հանձնաժողովը աշխատանքներ է սկսել: Այսուհետև Էրդողանի բողոքներից ազատվելու համար հանձնաժողովը մտադիր է վերացնել սահմանադրության` «պետության ղեկավարներին և կառավարություններին վիրավորելը» քրեականացնող հոդվածը:
Շվեյցարիայի դատական մարմինները վերջին տարիներին բավական շատ ժամանակ են ծախսում Թուրքիայի իրավական օգնության մասին ներկայացված պահանջների համար:
Թուրքիայի կառավարությունը բազմիցս դիմել է Շվեյցարիային՝ այդ երկրում ապրող քաղաքացիներին դատապարտելու համար, որոնք «քննադատության են ենթարկել» Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:
Շվեյցարիայի պետական ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ` 2016-ից մինչև օրս Թուրքիան Բեռնի իշխանությանը «Էրդողանին վիրավորելու» և «PKK-ի օգտին քարոզչություն ծավալելու» «հիմքով» շուրջ 30 անձի դատապարտման իրավական պահանջ է ներկայացրել: Սակայն Թուրքիայի ներկայացրած պահանջների մեծ մասը Բեռնի վարչակազմը մերժել է:
Իսկ որպես մերժման պատճառ շեշտվել է հետևյալը՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK) Շվեյցարիայում արգելված կազմակերպություն է: