Մենձ էր քարայրը, հավանաբար, նախամարդու բնակատեղի է եղել, ավելի ուշ վերածվել թաքստոցի, իսկ ոչ վաղ անցյալում դարձել էր այծերի փարախ:
Լևոն Պարանյան, «Մենձ էր» զբոսաշրջային կենտրոնի նախաձեռնող - 26 տարեկանից, հենց ամուսնացել եմ, էս գաղափարը իմ ուղեղն է մտել. նախ քարանձավ չէ, որպես Սանահինին դարպաս շինեմ, որպես Սանահինի վանքի 9-10 դդ. դարպաս շինեմ: Եվ իմ հիվանդանալուց (սրանից երեք տարի առաջ թոք-սրտային հիվանդություն ձեռք բերեցի) ու առողջանալուց հետո Աստծուն խոստացա, որ այս գործն անելու եմ, ինչ ուզում է՝ լինի:
Դեբեդի կիրճում բազմաթիվ հայտնի ու դեռ հայտնաբերմանը սպասող քարայրներ կան՝ բոլորն էլ իրենց ավանդազրույցներով: Նաև հայտնի պատմություն կա. ասում են՝ թունելային անձավը հասնում է մինչև Սանահինի վանք:
Լևոն Պարանյան, «Մենձ էր» զբոսաշրջային կենտրոնի նախաձեռնող - Մաքրման ընթացքում բացվել են ջրի վաննաներ: Մենք այդ վաննաները մաքրել են, ինչքան որ հնարավոր է՝ նախկին տեսքով, այդ գոմաղբը, հոտ-մոտ լրիվ մաքրվել է:
Հիմա իրականացվում են քարանձավ-թանգարանի ձևավորման աշխատանքները: Ներկայացվելու են ազգային արհեստներ, ծեսեր, կենցաղի առարկաներ: Իսկ թանգարանից դուրս ազգային ոճով կառուցված այս շինություններում կգործեն սննդի կետեր և վարպետաց տուն, որտեղ ալավերդցի պատանիներին կուսուցանվեն մոռացված արհեստներ, նաև՝ մանրանկարչություն, որ միջնադարում զարգացած է եղել Սանահինում:
Վահե Պարանյան, «Մենձ էր» զբոսաշրջային կենտրոնի տնօրեն - Հետագա զարգացման ծրագրերում ուզում ենք ունենալ հյուրատուն, ուզում ենք ունենալ ամենահզոր զիփլայնը՝ Աքորու դաշտավայրի հետ կապող, որը ամենահրաշք դաշատավայրն է մեր տարածաշրջանում: Եվ, բնականաբար, ունենք արշավային ճանապարհ, մեր քարի տակի ճանապարհը, որը պետական կամ համայնքային իշխանության օգնությամբ քարի տակի ճանապարհը բացվի:
«Քարի տակի ճանապահը» Սանահինի հազարամյա ուղու մի հատվածն է, որն այժմ երթևեկելի չէ: Ամբողջ ծրագիրն իրականացրել են սեփական միջոցներով: Վերջին տարիներին Ալավերդի համայնքում զարգացման միտումներ արձանագրվել են առավելապես զբոսաշրջության ոլորտում: Մասնագետների համոզմամբ՝ պատճառը անտառաշատ բնության ու պատմական հուշարձանների խիտ ցանցի ընձեռած բացառիկ հնարավորություններն են:
Սասուն Խեչումյան, Ալավերդի համայնքի ղեկավար - Պատմամշակութային հուշարձանների առատություն է՝ այս քանակի ու այսքան նշանավոր, որովհետև մեր համայնքին կից՝ ընդամենը սկսենք Ախթալայից թե Օձունից, ավելի մեծացնում են ռեսուրսները, դրան գումարվում է, որ Մ6 ճանապարհն է, Հայաստանի ամենաջրառատ գետն է էս տարածքով հոսում: Ալավերդու ամենաուժեղ կողմերից մեկը վրացական տուրիզմն է, երկաթուղին, Վրաստանը:
Դեռ 2018-ին աշխատանք էր տարվում վրացի տուրօպերատորների հետ՝ նպատակ ունենալով Վրաստան այցելող զբոսաշրջիկներին մեկ-երկու օրով ներգրավել հայկական զբոսաշրջության ոլորտում: Այն կիսատ մնաց համավարակի պատճառով: Թեպետ նոր զբոսաշրջային առաջարկներ կան նաև այս տարի՝ հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստավայրեր, սակայն ոլորտը ներգնա զբոսաշրջության հաշվին միայն օգոստոսին է մի փոքր ակտիվացել: