Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում կսկսվի սեպտեմբերի 15-ից. դպրոցը կարոտած աշակերտները տևական դադարից հետո դասերը կվերսկսեն դիմակ կրելու պարտադիր պայմանով: 9-րդ դասարան փոխադրված Ռուբենը հեռավար կրթությունից հոգնել է, գրախանութ է այցելել:
Ռուբեն Մուրադյան, 9-րդ դասարանի աշակերտ - Քանակն այս տարի ավելի շատ տարբերվում է այն առումով, որ սկսել եմ ավելի շատ գնել, որովհետև մի տեսակ ոգևորությունն ավելի շատ է:
Ռուբենի ընկերը՝ Դավիթն էլ գրախանութներում փնտրում է յուրօրինակ նկարով օրագիր: Ընկերների պես ինքն էլ չի պատկերացնում, թե ինչպես են մնալու դասասենյակներում՝ դիմակներով:
Դավիթ Ենգիբարյան, 7-րդ դասարանի աշակերտ - Չգիտեմ, երևի անսովոր է, որ դիմակներով պետք է լինենք, չեմ պատկերացնում, անկեղծ ասած, բայց չգիտեմ՝ դպրոցն այնքան եմ կարոտել, որ այդ դժվարությունը կարելի է հաղթահարել:
Կորոնան դպրոցի դռները փակել, բայց տնօրենի հույզերը չի թաքցրել: Նարինե Սուրմալյանն ասում է՝ դադարը շատ էր, 20 տարվա մանկավարժ է, բայց չի հիշում, որ դպրոցի դռներն այդքան ժամանակով փակվեին: Երեխաներից մի քանիսի վերարկուները դեռ դպրոցում են:
Նարինե Սուրմալյան, 75-րդ դպրոցի տնօրեն - Դպրոցն առանց երեխաների դատարկվել է և անսովոր իրավիճակ է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հարմարվել:
Համաճարակաբան Արման Բադալյանը դպրոցների վերաբացումը դրական է գնահատում և զգոնության կոչ անում: Նա չի բացառում, որ դպրոցումներում համավարակը հանրային փոխանցմամբ ավելի մեծ տարածում կունենա: Համաճարակաբանը ենթադրում է, որ կորոնադեպքերի պատճառով կփակվեն նաև որոշ դպրոցներ: Որ երեխաների կրթությունը կիսատ չմնա, խորհուրդ է տալիս անվտանգության նորմերը պահել ու չհավատալ պնդումներին, որ դիմակ կրելով, հնարավոր է, նոր հիվանդություններով վարակվել:
Արման Բադալյան, համաճարակաբան - Որևէ գիտական տվյալ, որ երեխաների շրջանում, նույնը մեծահասակներին է վերաբերում, մենք կունենանք այլ հիվանդությունների տարածում՝ թոքաբորբեր, սնկային հիվանդություններ, չկա: Այս պահին չկա և ես կարծում եմ՝ չի էլ լինի:
Նախարարությունը որոշել է՝ յուրաքանչյուր դասարանում թողնել առավելագույնը 20 աշակերտ: Եթե, օրինակ, դասարանում սովորում է 30 հոգի, ապա սեպտեմբերի 15-ից նրանց մի մասը դասի կգնա առավոտյան, մյուսները՝ օրվա երկրորդ կեսին: Նարինե Սուրմալյանն ասում է՝ հերթերից դժգոհություններ կլինեն, բայց այլ տարբերակ չունեն.
Նարինե Սուրմալյան, 75-րդ դպրոցի տնօրեն - Իհարկե, շատ դժվար է լինելու: Մենք սովորեցրել ենք միշտ լինել ավելի մտերիմ, միշտ լինել ավելի ջերմ: Հիմա պետք է հակառակը անենք, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք պատվով դուրս գալ այս իրավիճակից:
Երկու աշակերտի հայր Աշոտ Հովհաննիսյանը լավ է պատկերացնում դիմակով կրթությունը: Երեխաներին դպրոց կուղարկի: Ծնողի խոսքով՝ անգամ 20 աշակերտի դեպքում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը:
Դպրոցներում չեն գործի ճաշարանները: Նախարարության որոշմամբ՝ երեխաները դպրոց կգնան 5-ի փոխարեն 6 օր, նաև հնարավոր կլինի դասերն անցկացնել հատուկ կահավորված միջանցքներում ու բացօթյա հատվածներում: Պարտադիր կստուգեն մանկավարժների ու աշակերտների ջերմությունը, դասասենյակները պարբերաբար կախտահանեն: