2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.3%-ով՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունից:
«Ընթացիկ ծախսերը կազմել են 719.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17.4%-ով, որը ներառում է նաև հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը և առողջապահական ծախսերի աճը»,- նշված է նախարարության հաշվետվության մեջ:
Փոխարենը, սակայն, այս տարվա առաջին կիսամյակում նվազել են հարկային եկամուտները. հիմնական պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով կիրառված սահմանափակումներն են:
«Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել ՀՀ պետական բյուջեի եկամուտների, հատկապես՝ հարկային եկամուտների վրա: Այսպես, 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հարկային եկամուտները նվազել են 9.1%-ով, մայիսին նվազման տեմպն արագացել է՝ հասնելով 20.8%-ի, իսկ հունիսին անկումը կազմել է արդեն 32.1%: Արդյունքում՝ 2020 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 716.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.5%-ով, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 680.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4.6%-ով»,- հայտնում է նախարարությունը:
Հարկային եկամուտների նվազմանը նպաստել են նաև ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում իրականացված շահութահարկի գծով փոփոխությունները: «Դրանց նպատակն է շահութահարկի կարգավորումները դարձնել տնտեսական շրջափուլի կոնկրետ տարվա զարգացումներին համարժեք արձագանքող, ինչը համավարակի ազդեցությամբ բնորոշվող այս տարվա համար նշանակում է նաև օժանդակություն շահութահարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների լուծմանը: Ըստ կատարված փոփոխությունների՝ ամբողջությամբ վերանայվել է շահութահարկի կանխավճարների համակարգը, և սահմանվել է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն իրականացնելու»,- նշված է հաշվետվության մեջ:
Նախարարությունը նաև մանրամասնել է համավարակի պատճառով տնտեսական անկմանը հակազդելու միջոցառումները:
«Տնտեսական անկմանը հակազդելու, ինչպես նաև հետագա վերականգնումը խթանելու նպատակով՝ կառավարությունը 2020 թվականին իրականացնելու է 150 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 2.3%-ի չափով) ընդհանուր գումարի չափով սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումների ծրագիր՝ հետևյալ հիմնական ուղղություններով.
-
25 մլրդ դրամ՝ տնտեսվարողներին աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծմանը.
-
25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր.
-
80 մլրդ դրամ՝ տնտեսության վերականգնման և երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր.
-
20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար»,- նշված է հաշվետվության մեջ: