ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։
Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:
Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։
«Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է Մաչյանը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունը‚ ծրագրերն ու խնդիրները։ Մաչյանը հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։