Շինարարական այսքան կռունկ Երևանում միաժամանակ վաղուց չէր աշխատել: Կառուցապատման բումը՝ քաղաքապետարանում վերածել են եռագույն բեկյալով գրաֆիկի: Այս կամ այն հասցեում փորվող հիմքի մասին տարածքի հարևաններից էլ շուտ քաղաքաշինության վարչությունում են իմանում:
Ամեն նոր թվայնացված տվյալ, բազայից բացի, ամռան սկզբից արդեն նաև ինտերնետ է մտնում: Yerevan.am-ում բացված «շինարարական թույլտվություններ» հարթակում բնակիչներն էլ կարող են ստուգել՝ ապօրինի՞ է արդյոք բակում ավելացող խանութից մինչև հարևանի տան վրա բարձրացող նոր հարկը:
Տեսուչների ու թեժ գծի աշխատանքը հեշտացրած ծրագրով՝ մարդիկ կարող են պարզել ոչ միայն ինչ ընկերություն է տարածքում քար-բետոն խառնում, այլև աղմուկը Երբ կավարտվի ու ինչպիսի տեսք է ունենալու շինությունը: Այդպես հատ-հատ բոլոր շինարարական հրապարակներն արտապատկերել են քաղաքի քարտեզին` ըստ վարչական շրջանների,- ներկայացնում է Երևանի կառավարման տեխնոլոգիական կենտրոնի տնօրենը:
Հարթակից օգտվողը չի խաբվի և գովազդի հիման վրա չի շտապի բնակարան գնել նույնիսկ շինթույլտվությունը դեռ չստացած ընկերությունից: Նորամուծությունը բիզնեսին էլ կօգնի ծանոթանալ տարածքի ապագա պատկերին ու ճիշտ տեղ ընտրել կառուցվող հյուրանոցի կամ ավտոտեխսպասարկման կետի համար:
Քարտեզին կից բնակիչները կարող են գտնել նաև կառուցապատման վերաբերյալ ուղեցույց-թույլտվություններից մինչև սեփական տան համար մշակված օրինակելի նախագծեր: Ճարտարապետին պատվիրել-վճարելու կարիք չի լինի: