Շիրակի մարզում միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և մասնավոր սեկտորի միջև սիներգիայի բարելավման նպատակով People in Need միջազգային կազմակերպությունը Եվրոպական միության աջակցությամբ զարգացնում է ՄԿՈՒ հաստատությունների հմտությունները և ներդնում ՄԿՈՒ-մասնավոր սեկտոր համագործակցության նոր մեխանիզմներ, աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ), աշկերտության սխեմայով կարճաժամկետ, ոչ ֆորմալ դասընթացներ՝ տեքստիլ ու գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ։
Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատությունների՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմը «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում մասնակցել է 96 դասարանային ժամ տևողությամբ 6 մոդուլային դասընթացների։ Դասընթացների ընթացքում հաստատությունների մասնագետները խորացված ուսանել են կարիերայի խորհրդատվության առանձնահատկությունները, հաղորդակցության և շուկայավարման հիմունքները, ռազմավարական պլանավորման և այլ թեմաներ։ Ստացված գիտելիքն ու հմտությունները կնպաստեն կրթությունից դեպի աշխատաշուկա՝ կրթական հաստատություններից դեպի մասնավոր սեկտոր կամուրջի ստեղծման և ամրապնդման համար։
«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում բովանդակային և կրթական մեխանիզմների զարգացմանն ուղղված աշխատանքներից բացի իրականացվում են նաև հանրային կապերի, արդյունավետ հաղորդակցությունների բարելավման, հաստատությունների բրենդավորման, կայքերի պատրաստմանն ուղղված միջոցառումներ։
Չորս ՄԿՈՒ-ները փորձարկելու են դուալ համակարգի նորարարական մոտեցումները և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ նորացնելով տեքստիլ և ագրոբիզնես ոլորտների ուսումնական պլանները՝ ԱՀՈՒ ներդրմամբ, ինչպես նաև մշակելով և փորձարկելով շուկայի կարիքի վրա հիմնված կարճաժամկետ դասընթացներ գործազուրկների համար։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է, որ ավելի քան 40 ուսանող աշկերտություն կանցնի, հեշտացնելով նրանց աշխատանք գտնելու հնարավորությունը, իսկ մասնավոր ընկերությունները կունենան ավելի հմուտ աշխատակիցների հասանելիություն։ Բացի այդ, շուրջ 60 գործազուրկ կմասնակցի ԱՀՈՒ սկզբունքով կարողությունների զարգացման կարճաժամկետ դասընթացների։
«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրն իրականացվում է People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, ինչպես նաև Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը, ոլորտային հմտությունների խորհուրդը, Ջի-Այ-Զեթը (GIZ-Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) և Զբաղվածության պետական գործակալությունը։