Օմսկի բժիշկները թույլ են տվել, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնուն գերմանացի բժիշկները տեղափոխեն Բեռլին` բուժման նպատակով: Ավելի վաղ Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին բացատրել էր, որ ընդդիմադիր գործչի վիճակը գնահատվում է կայուն ծանր և նրան չպետք է տեղափոխել, քանի որ օդանավի թռիչքի ու վայրէջքի ժամանակ հիվանդի վիճակը կարող է վատանալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օմսկում հոսպիտալացված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիից վերցված կենսաբանական նյութերը հետազոտվում են երեք անկախ լաբորատորիաներում: Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր տեղակալ Անատոլի Կալինիչենկոն ասել է, որ Նավալնիի արյան և մեզի մեջ թունավորումներ և դրանց ներկայության հետքեր չեն հայտնաբերվել: Բժիշկներն ընդդիմադիր գործիչի մոտ ախտորոշել են «նյութափոխանակության խանգարում»: Ըստ հիվանդանոցի աշխատակիցների՝ Նավալնին ունեցել է ածխաջրերի անհավասարակշռություն, ինչը հանգեցրել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման:
Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, սակայն, Օմսկի բժիշկներին չեն վստահում, իսկ նրա կինը ՝ Յուլյան, դիմել էր նախագահ Պուտինին՝ խնդրելով ամուսնուն տեղափոխել Գերմանիա բուժման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցը «կախված է բժիշկների որոշումից և դրա համար խոչընդոտներ չկան»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Լիզ Թրոսելը կոչ էր արել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: