ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս կետերի հետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։
Այսպիսով, ի՞նչ աշխատանք ենք կատարել ընդամենը մեկ տարում:
Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:
Հաշված օրեր անց գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ, որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։
Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, Ոստիկանության բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների։
Դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել ենք դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ, ինչպես սիրում ենք բոլորս ասել, վեթինգի ինստիտուտը: Սրա պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։
Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա:
Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ (մանրամասները այստեղ՝ http://moj.am/page/617):
Բոլոր 12 քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին․ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։
Ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում: Արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից կիսաբաց ռեժիմի»,- հայտնել է ՀՀ արդարադատության նախարարը: