Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որն ընդունվել էր Անվտանգության խորհրդի նախորդ նիստում, ապացուցեց իր արդիականություն ու կենսունակությունը: Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով Տավուշում հուլիսյան հաղթական մարտերը:
Նախորդ ամբողջ ժամանակահատվածում հայկական կողմերն Ադրբեջանին հորդորել են հրաժարվել արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով չլուծելը որպես զիջում ներկայացնելուց և դադարեցնել Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելու փորձերը՝ ոչ հեռանկարային լինելու հիմնավորմամբ: Փաշինյանի խոսքով` հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ ղարաբաղյան խնդիրը չունի ու չի ունենալու ռազմական լուծում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:
Արցախյան խնդրի կարգավորման հարցում, Փաշինյանի խոսքով, անկախ Հայաստանի կառավարությունների և իշխանությունների ծագումնաբանությունից, պաշտոնական Երևանի դիրքորոշումը եղել և մնում է կառուցողական՝ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Անկարայի վերջին շրջանի գործողությունները չեն տարբերվում Ազգային անվտանգության ռազմավարության արձանագրումներից՝ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ թե՛ տարածաշրջանի, թե՛ ամբողջ աշխարհի համար:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական տարածաշրջանի, Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ: Սա մի օրակարգ է, որն արդեն իսկ ձևավորված է, և այդ օրակարգում մեր անելիքները նույնպես կարևորագույն քննարկման առարկա պիտի դառնան Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում, և սրա հետ կապված հարցեր նույնպես մենք կքննարկենք այսօրվա նիստում:
Որպես ամփոփում, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել իր անվտանգային մարտահրավերները: Վարչապետը, ճիշտ է, շեշտեց, որ պետք է խնդիր դնել ամենօրյա ռեժիմով բարձրացնել Հայաստանի անվտանգային միջավայրի կառավարելիությունը՝ օգտագործելով անվտանգության խորհրդի ձևաչափը, որի շրջանակում էլ առաջացած խնդիրները պետք է քննարկվեն և լուծում ստանան: