Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Վեհափա՛ռ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։
Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերն՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»,- ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: