Արցախի Տիգրանակերտը շարունակում է զարմացնել հնագետներին: Այս տարվա 40 օր տևած պեղումներն արշավախմբի ղեկավարը արդյունավետ է գնահատում: Ուսումնասիրության հարուստ նյութ են գտել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:
Համլետ Պետրոսյան - Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար - Պատկերացրեք՝ մոտ 100 քառակուսի մետրի վրա 20 թոնիր է բացվել: Այդ թոնիրների մեծ մասը բացօթյա է: Փոքրի թոնիրները բնակարաններում կամ սենյակներում են, մեծ թոնիրները՝ բացօթյա, ինչպես այսօր Արցախում է:
Հնագետ Ինեսսա Կարապետյանը գտածոները դասավորում է խնամքով, որ Երևանում մասնագետները ուսումնասիրեն: Հայտնաբերել են և՛ տեղական գունազարդ խեցեղեն, և՛ ոչ տեղական ծագման ապրանքներ:
Ինեսսա Կարապետյան - Հնագետ - Մենք ունենք, Տիգրանակերտի բրենդ ենք համարում, տեսակներ, որ Տիգրանակերտում են ստեղծվել: Առայժմ մյուս տեղերում չենք հանդիպում, և իրենց շերտագրությամբ իրենք թվագրվում են, օրինակ՝ Ք.ծ.ա. առաջին և մեր թվարկության երկրորդ դարաշրջանով: Եվ որտեղ հիմա որևէ հուշարձանում եթե դրանից գտնվի, թվագրումը պարզ պիտի լինի:
Ամրացված թաղամասն այս տարի ևս արդարացրել է մասնագետների սպասելիքը: Դասական հելլենիստական ճարտարապետությամբ պարսպապատի մի մասը ձգվում է դեպի արքայական աղբյուրներ:
Լյուբա Կիրակոսյան - Ճարտարապետ - Դեպի արևելք իջնող մի պարսպի բազուկ, որն այդ երկարությամբ և այդ մոնումենտալությամբ նախկինում դրսի կողմից կցված մենք չէինք ունեցել:
Տիգրանակերտի պեղումների այս տարվա արդյունքներին ծանոթացել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը: Լուսինե Ղարախանյանն ասում է՝ պատմական քաղաքը պետք է խնամքով պահպանել և շարունակել պեղումները:
Լուսինե Ղարախանյան - Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար - Տիգրանակերտը եկավ և չեզոքացրեց ուղղակի հարևան Ադրբեջանի քաղաքական, գիտական բոլոր ավանդազրույցները չակերտավոր՝ իրենց տեղաբնիկ լինելու մասին և ընդհանրապես:
Տիգրանակերտի արշավախումբն այս տարի նաև պեղել է Ցից սար կոչվող տարածքի վաղքրիստոնեական եկեղեցին և ժայռափոր ջրանցքը: Մասնագետները ենթադրում են՝ Տիգրան Մեծի օրոք ջրանցքով Խաչենագետից ջուր են բերել:
Նժդեհ Երանյան - Հնագետ - Ժայռը հեռացնելու փոխարեն թունելներ են փորել: Շատ գեղեցիկ թունելներով, շատ լավ մշակված, մեծ աշխատանք արած: Տեղ-տեղ տեսնում ենք, կարելի է ասել՝ ֆիլտրացման համակարգ են արել:
Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: