Օգոստոսի 21-ին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը այցելել է Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ֊ի արտադրամաս:
«ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։
Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։
Սա տեսանելի արդյունքն է: Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետները վերահսկում են ինքնաձիգների հավաքման ամբողջ գործընթացը և այսօր առաջին խմբաքանակը կառաքվի զինված ուժերին»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը:
Այցի ընթացքում կոմիտեի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության գործընթացին։
Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգն անցնում է հավաքման հաջորդ փուլ։
Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։