Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք թաղամասերում: Երկրի ղեկավարը հանդիպել է Մարտունի 26 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հետ:
Նա նշել է, որ հանձնարարական է տվել ամենակարճ ժամանակահատվածում լուծել մայրաքաղաքում և հանրապետության այլ համայնքներում վթարային բոլոր շենքերի հարցը: Նախագահի խոսքով՝ շենքի բնակիչների բնակարանային խնդիրը վերջնական լուծելու համար պետական բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ: Մինչ այդ նրանք կարող են տեղափոխվել վարձով բնակարաններ, որոնց վարձավճարները կտրամադրի պետությունը:
Բնակարանների տրամադրման համար հիմք է հանդիսանալու համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման՝ կառավարությունը հնարավորություն է ունենալու համապատասխան սենյակների քանակով բնակարան կամ համապատասխան գումարի չափով փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին:
Նախագահը նշել է, որ բացառվելու են լրացուցիչ գումարներ ստանալու նպատակով կատարված կեղծ գրանցումները: Հանձնաժողովը զբաղվելու է նաև մայրաքաղաքի մնացած բոլոր վթարային շենքերի գույքագրմամբ, որոնց հետ կապված խնդիրներն լուծումներ կստանան՝ ըստ հերթականության:
Շահինյան, Ամիրյան, Շիրազ, Հովհաննեսյան փողոցների բնակիչների խնդիրը թաղամասի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2021թ.-ին պետական բյուջեով նշված բոլոր փողոցները կբարեկարգվեն և կասֆալտապատվեն:
Շրջայցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: